Երեք սրբազան սյուների վրա բարձրացավ մեր երկիրը` Հայրենիք, Հավատք, Լեզու…
Հայրենիք, որ գալիս է հավերժությունից… Մեր հավերժությունը մեր անցյալն է, մեր ներկան է և ապագան: Վերադարձնենք մեզ մեր անցյալի ուժը, որ հզոր լինի մեր ներկան ու հավերժ լինի ապագան, որ հավիտենական լինի հայկյան նետի սլացքից սկիզբ առած մեր ժորովրդի մեծ ճանապարհը:
Հավատք, որ նոր լույս վառեց մեր սրտերում… հավատք, որ հույսի փարոս դարձավ մեր բիբլիական ժողովրդի համար… հավատք, որ փրկության հույս և հաղթելու ուժ տվեց մեր բազկին… հավատք, որ մշտավառ է լուսավորչի կանթեղի պես:
Է՚ տառ, որ նշանակում է Էություն, որ նույնն է թե Աստված: Հայ գիր, որ Աստծո լեզվով խոսեցրեց մեզ: Լեզու, որ ոգին է մեր… լեզու, որ մայրն է մեր ինքնության… մայրենի լեզու, որ մեր Հայրենիքն է:
Այսօր յուրաքաչյուր հայ աշխարհի որ ծայրում էլ որ ապրելիս լինի, պետք է հպարտորեն գոչի. ՙԿեցցե Անկախ Հայաստանը: Կեցցե հայ ժողովուրդը:
Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ուժերի ներածի չափով ամեն ինչ անի պետության զարգացման գործին օժանդակելու համար, և մեկընդմիշտ հիշի, որ հայրենիքը ամենքինս է:
Անկախությունը ազգային նվաճում է, ազգային արժեք, որն անհրաժեշտ է պահել, փայփայել ու խնամել: Այն մեր զավակն է ու պարտավոր ենք զավակի պես էլ սիրել:
Մեր վաղը, մեր ապագան կախված է ներկայից: Մենք` նոր սերունդս, պետք է ճանաչենք, ինչպես Գարեգին Նժդեհն է ասում, երկու գերագույն դատավորներ` Աստված և Ժողովուրդ, և եթե առաջինի դեմ մեղանչենք, ապա երկրորդի դեմ` երբեք:
Հիշի’ր նոր սերունդ, դու որպես մեր անկախության հզորացման մարտիկ, մեր ապագայի զինվոր երկար ու դժվարին, բայց և պատվով ճանապարհ ունես անցնելու; Դա մեր պետության հզորացման, մեր ազգային նվիրական իղձերի իրագործման ճանապարհն է:
Եղի’ր ոգով անկոտրում, մեր նպատակներին հասնելու համար վճռական, իրատես ու միասնական` ի փառս հայ ժողովրդի, ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի փառապանծ ապագայի: Ցանկանում ենք խաղաղ, արևոտ, լուսավոր ապագա, և թող իրականանա յուրաքանչյուր հայի երազանքը` ապրել զարգացած, հզոր, ազատ, անկախ ու միացյալ Հայաստանում:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ Ի՛Մ ՀԱՅԱՍՏԱՆ...
|