$IMAGE1$ 
<<ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ԵՐԵՎԱՆ>>
– Մեր թվարկությունից առաջ IX դարի կեսին պատմության թատերաբեմ է իջնում հայկական լեռնաշխարհի ամենահնագույն պետությունը: Այն կոչվում է Ուրարտու, իսկ աստվածաշնչում` Արարատի երկիր: Եվ Ք. ա. 782 թվականին ուրարտական պետության հզոր արքա Արգիշտին կառուցում է քաղաքամայր Էրեբունին:
Հայոց քաղաքամայր Երևանը նման է կաղնու. որքան հին, հողմակայուն է, նույնքան խորունկ են նրա արմատները ձգված դեպի մայր հողը:
Պատահական չէ, որ Արգիշտի առաջին արքան հիմնադրեց այն Արարատի դեմ հանդիման, որ հայը սովորի իր սրբազան լեռան նման բոլոր տեսակի հողմերին դիմակայել, տոկալ, մաքառել ու հաղթել և հավերժել իր սուրբ լեռան նման:
Քաղաքամայր Երևանին դեմ առ դեմ, Արարատյան եդեմական դաշտի հարավային եզրին հառնում է ձյունափառ Արարատը` հայկական լեռնապարի փառապանծ նահապետը, որը բիբլիական հանդիսավորությամբ հազարամյակներ շարունակ հսկում է Հայոց աշխարհին ու առավոտվա բարի լույսի հետ փառահեղորեն ողջունում նրա չքնաղ հովտի բնակիչներին:
Մայրաքաղաք Երևանը հառնեց իբրև խաղաղության ամրոց և դարեր ի վեր խիզախությամբ դիմագրավեց խավար ու բռնակալ ուժերին: Ալեհեր Մասիսի հետ հարազատ ժողովրդի անլուր տառապանքների և հերոսական մաքառումների ականատեսը եղավ:
1968 թվականին մեծ շուքով տոնվեց դարերից եկող և դեպի դարերը գնացող մեր սիրասուն ոստանի 2750-ամյակը: Այդ լուսաշող և կենսաթրթիռ հանդիսության օրը աշխարհի տարբեր ծայրերից մեզ հյուր եկած օտարերկրացիները հայկական թունդ գինով խմեցին մեր մայրաքաղաքի կենացըª առանց իմանալու, որ իրենցից առաջ այդ նույն տեղում և այդ նույն գինուց խմել էին Էրեբունի-Երևան բերդաքաղաքի առաջին բնակիչները: Եվ խմում էին այն գինին, որը քամված էր մեր Հայկ Նահապետի տնկած խաղողի որթից:
Վաղվա հանդեպ մեծ հույսով լցված փյունիկի նման մոխիրներից հառնեց իմ Երևանը, հեքիաթային հսկայի նման օր օրի աճեց, առնականացավ, լայնորեն տարածեց իր հսկա քարե թևերը, բռնեց սլացքի ուղինª ազատության, անկախության ու առաջադիմության լուսո անմար ջահը ձեռքին:
Այսօր պետք է սիրենք, փայփայենք, պահենք ու խնամենք մեր քաղաքամայր Երևանը: Որովհետև այն ողջ հայության համար միակն է: Պետք է տեր կանգնենք մեր քաղաքին: Մենք բոլորս պարտավոր ենք պայքարել նրա մաքրության ու գեղեցկության համար ու այդ ամենը պետք է սկսենք մեր բակից, փողոցից ու թաղամասից:
Մեր հինավուրց, բայց երիտասարդ քաղաքը թող հավերժ ու հավերժ լինի ծաղկուն, շեն ու բարետես, թող բոլոր ազգերն աշխարհի տարբեր ծայրերից գան ու սիրահարվեն մեր հին ու երիտասարդ քաղաքին: Ծաղկած գարնան շողերի մեջ միշտ շողշողա իմ Երևան,թող քո ոսկեհուր արևի ոսկին միշտ փայլատակի քո հավերժի ճամփեքին:
|